
Բնությունը շռայլ է եղել Դիլիջանի հանդեպ՝ նրան պարգևելով սաղարթախիտ անտառներ, անդնդախոր ձորեր, հանքային բուժիչ ջրեր, հազարագույն ու հազարաբույր մի ծաղկաշխարհ ... Այստեղ եկողը գտնում է հանգստություն ու անդորր, ըմբոշխնում մշտակարկաչ աղբյուրների խոխոջյուն ու թռչունների դայլայլը, լիաթոք շնչում նրա կենարար օդը և ունկնդիր դառնում դարավոր անտառների խորհրդավոր լռությանը: Ուստի պատահական չէ, որ պատմական Հովքը (ներկայիս Դիլիջանը) Արշակունի թագավորների ամառանոցն էր և արքայական որսատեղը:
Հանգստավայրի համբավ ունեցող քաղաքը միշտ էլ դեպի իրեն է ձգել հազարավոր մարդկանց, ովքեր եկել են, տեսել և ... սիրահարվել նրան: Կարելի է հիշել բազմաթիվ արվեստագետների, գրողների, գիտնականների, պետական ու քաղաքական գործիչների անուններ, որոնց համար Դիլիջանը լոկ հանգստավայր չի եղել, որ ժամանակի հետ հուշ դառնալով մոռացվում է, այլ տոն և ներշնչանք, որը մարդուն ուղեկցում և ոգեշնչում է մշտապես:
Հայրենի քաղաքին ու նրա չնաշխարհիկ բնությանը նվիրված բազում գործերի հեղինակ են դիլիջանաբնակ ստեղծագործողները: «Դիլիջանի գույները» գունազարդ ալբոմում տեղ են գտել նրանց գեղանկարչական աշխատանքները և լուսանկարները: Բացի այդ, ալբոմում կարող եք գտնել Դիլիջանին սիրահարված երևանցի իմ գործընկեր Կարեն Կոմենդարյանի (http://kenkomendaryan.blogspot.com/) լուսանկարները, ով նաև սիրով օգնեց մեզ ալբոմը թարգմանելու գործում, և որի հետ մենք համատեղ ցուցահանդեսներ ենք կազմակերպել Գոշավանքում և ՀՀ Ճարտարապետների միությունում՝ Երևանում: